Գլխավոր Ավելին

Համալսարանական հիվանդանոցի թիմային համագործակցված, հոգատար աշխատանքի շնորհիվ  երիտասարդ կինն այսօր կարողանում է քայլել

35-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով քայլելու և կանգնելու ֆունկցիայի խանգարումից, ոտքի դեֆորմացիայից, կարճացումից՝ նշելով որ տևական ժամանակ է, ինչ տեղաշարժվում է նստասայլակի օգնությամբ։ Պացիենտի մոտ առկա պաթոլոգիան թույլ չէր տալիս ապրել կյանքի բնական ռիթմով, տեղաշարժվելու սահմանափակման հետևանքով ձևավորվել էր բարդ հոգեբանական վիճակ։

 Զրույցի ժամանակ պարզվեց, որ 1 տարի առաջ քայլելու ժամանակ առանց որևէ պատճառի առաջացել է ոլոքի կոտրվածք, ինչի կապակցությամբ Վրաստանում վիրահատվել է, կատարվել է ոլոքի մետաղական օստեոսինթեզ։ Կոտրվածքի առաջացման բնույթը այդպես էլ մնալով չպարզված՝ ստացել է բուժում նաև օստեոպորոզի դեմ։ Հետագա ամիսների ընթացքում ոսկրային զանգվածի զգալի կորուստը ողջ օրգանիզմում դանդաղեցրել և վերջնականապես խաթարել է կոտրվածքի սերտաճման պրոցեսը՝ բերելով սրունքի դեֆորմացիայի, կարճացման և քայլելու ֆունկցիայի կորստի։

Սրունքի կարճացումը ավելի քան 2սմ էր, կոտրվածքի հատվածը՝ սաստիկ ցավոտ։ Համակարգչային շերտագրության արդյունքում հայտնաբերվել է կմախքի տարբեր հատվածներում ոսկրային զանգվածի զգալի դեֆիցիտ, որի հիմնական պատճառը հանդիսանում էր հարվահանագեղձի նորագոյացությունը, որը մինչև հետազոտությունները հայտնաբերված չի եղել։

Ախտորոշման ճշգրտումից հետո հրավիրվել է կոնսիլիում ՝Վիրաբուժության, թերապիայի կլինիկայի բժիշկների հետ՝ քննարկելու բուժման տակտիկան։ Կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի ղեկավարությամբ, բժիշկ Հայկ Սաֆարյանի մասնակցությամբ նախ կատարվել է նորագոյացության հեռացում, որից հետո թերապիայի կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ Գոհար Երիցյանի կողմից իրականացված դեղորայքային երկարատև և արդյունավետ բուժման արդյունքում բուժառուի ոսկրագոյացման պրոցեսը հաջողվել է կարգավորել շաբաթների ընթացքում։ Նորագոյացության հեռացումից և ճիշտ բուժումից հետո զգալի չափով նվազել է նոր կոտրվածքներ ստանալու հավանականությունը։

Բուժառուի կայուն վիճակը և օստեոպարոզի արդյունավետ բուժումը թույլ է տվել իրականացնել վիրահատական բուժում։ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ծառայության ղեկավար Ատոմ Տեր-Գրիգորյանի, բաժանմունքի վարիչ Սեյրան Սարոյանի, բժիշկ Խաչատուր Հարությունյանի և անեսթեզիոլոգ Լևոն Ներսիսյանի մասնակցությամբ կատարվել է սրունքի ոսկրերի ռեկոնստրուկտիվ վիրահատություն։

Նախապես մանրակրկիտ պլանավորած վիրահատությունը թույլ է տվել միաժամանակ կատարել տեղադրված մետաղական կոնստրուկցիայի հեռացում, ուղղիչ ոսկրահատում, սրունքի առանցքի ուղղում, ինչպես նաև սրունքի երկարացում։ Երիտասարդ կինը դուրս է գրվել լավացումով, համալսարանական հիվանդանոցի թիմային համագործակցված, հոգատար աշխատանքի շնորհիվ նա այսօր կարողանում է քայլել։

×
facebook sharing button facebook